Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Որբի գլուխ է գտել, սափրում է»

«Որբի գլուխ է գտել, սափրում է»
23.10.2015 | 00:43

ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆ (քաղաքագետ)

-Այսօր կարծիքներ են հնչում, թե կրկին ԵՄ-Հայաստան հարաբերությունների մերձեցման քայլեր են արվում ու թե ռուսական նոր «դեսանտ» է իջել` ի դեմս Արա Աբրահամյանի: Եթե հավատանք այս ամենին, ապա ստացվում է՝ Հայաստանում էլի «բազմավեկտոր» քաղաքականություն է վարվում:
-Այո, բազմավեկտոր քաղաքականություն է վարվում, բայց այլ կերպ: Արային միանշանակ մերժելու են, իսկ ԵՄ-ի հետ շարունակվելու է մերձեցման քաղաքականությունը: Հայաստանը սփյուռքում այնքան միլիարդատերեր ունի, որոնք մեր երկրին օգնել են կամ չեն օգնել, այնպես որ, նրան մերժելը շատ «ցավոտ» չի լինի: Իշխանությունը նրան հստակ ասում է` դու ո՞վ ես, է: Եթե նրան թույլ տա, Էռնեկյանին էլ պիտի ասի` արի, կուսակցություն ստեղծիր, Քըրք Քրքորյանի պատվին էլ մի հետմահու կուսակցություն կստեղծվի: Կուսակցություններն էլ «դուքան» չեն, որ հենց էնպես ստեղծեն ու գան Հայաստան: Եթե մի անգամ մերժում են նմաններին, մյուսները հասկանում են, որ եթե տասը դոլար են տալիս, դա դեռ չի նշանակում, որ հարազատներով պիտի տեղավորվեն իշխանության մեջ: Սա նշանակում է իշխանություն գնել, ոչ թե հայրենիքին օգնել: Հայաստանում օլիգարխիկ «զարգացման» բոլոր հնարավորությունները սպառվել են: Եթե հարյուր օլիգարխ էլ գա Հայաստան, ժողովուրդը ոչ մի օգուտ չի քաղելու:
-Ձեր խոսքից կարելի՞ է ենթադրել, որ և՛ Հայաստանի, և՛ դրսի գործարարների համար մեր երկրի քաղաքականության «դռները» փակվում են:
-Այո: Եթե քաղաքացի են դառնում ու գալիս են Հայաստան մշտական բնակություն հաստատելու, խնդիր չկա, բայց ՌԴ-ում ապրել, համարվել այդ երկրի նախագահի մերձավոր, պարզ է, չէ՞, թե այդ անձի «մուտքը» ինչ է բերելու քաղաքական դաշտ: Սա ժողովրդին էլ ընդունելի չէ: Որպես օրինակ պետք է Իսրայելը դիտարկենք, որը մեզնից էլ հզոր գաղութներ ունի, իսկ նրանց միլիարդատերերի մոտ մերոնք աշակերտներ են: Նրանք Կնեսեթում խմբակցություննե՞ր են ստեղծում: Իսրայել պետությունը կթողնի՞: Պետք է նրանց առաջարկել` ուզո՞ւմ եք քաղաքականության մեջ դերակատարություն ունենալ, եկեք տարբեր բիզնեսներ «դրեք» Հայաստանում, հետո կտեսնենք` ինչ կարող եք անել: Մի դրվագ էլ. ասում է` կուսակցություն եմ բացում: Կուսակցություն չեն բացում, հիմնադրում են: Անորոշ բաներ է խոսում, որբի գլուխ է գտել, սափրում է, չի էլ ասում` սոցիալիստ է, դեմոկրատ, ի՞նչ է ուզում անել: Ասում է` բոլորին «դեմ» չեմ: Հայաստանում «դեմ» լինողներ են պետք, որ զսպվի չափն անցածների ախորժակը: Ով ժողովրդի կողմն է լինելու, ուզենա, թե ոչ, որոշ մարդկանց պետք է դեմ լինի:
-Ի թիվս այլ պահանջների, քաղաքականությունն էլ է որոշակի կրթական ցենզ պահանջում: Տխուր վիճակ է նաև այս առումով:
-Հետխորհրդային շրջանում հարստացել են, բայց դա չի նշանակում, որ Սորբոնի համալսարանն են ավարտել: Եթե երեխաներին ուղարկել են ԱՄՆ կրթության, դա իրենց կրթությունը չէ: Էս տեսակը պետք է լրիվ բացառել: Հայաստանում ժողովուրդն ապրի, տառապի, դրսից գան նրա «պորտը» կտրեն, գնա՞ն: ՈՒրեմն պետք է նրանց ասել՝ փող էլ մի բերեք, եթե նման նկրտումներ ունեք:
-Արա Աբրահամյանին մերժելով՝ Հայաստանը Ռուսաստանի՞ն է մերժում:
-Այո, ՌԴ-ին պետք է ասվի՝ Հայաստանի հետ հարաբերություններդ կարգավորիր ինստիտուցիոնալ մակարդակով, ոչ թե շարասյուներ ստեղծելով: Նույն Կուրղինյանը, տեսե՞լ եք երբևիցե Հայաստանի անունից խոսի: Եթե դրսի օլիգարխներն ուզում են հայրենիքին օգուտ տալ, բնավ պարտադիր չէ, որ խորհրդարանում լինեն: ՌԴ-ն էլ կհասկանա, որ մենք դաշնակից ենք, ոչ թե հպատակ: Ի դեպ, մի տարբերակ էլ կա. Արա Աբրահամյանն ինքն է որոշել Հայաստանում կուսակցություն ստեղծելով ՌԴ ղեկավարության մոտ իր կշիռն ավելացնել: Իսկ Հայաստանում նոր կուսակցություններ «բացել» պետք չէ, մենք եղածներից էլ ենք կուշտ:


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1127

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ